
1 Ամբարիշտը փախչում է առանց որեւէ մէկից հալածուած լինելու,
բայց արդարն անձնապաստան է լինում, ինչպէս առիւծ:
2 Ամբարիշտների յանցանքների մասին վէճերը յուզում են դատական ատեանները,
բայց խորագէտ մարդը հանգցնում է դրանք:
3 Հզօրը, որ ամբարտաւանութեամբ ընկճում է տնանկին,
նման է սաստիկ անձրեւի, որից օգուտ չկայ.
4 նոյնպէս էլ նրանք, որ մերժում են օրէնքը,
գովում են ամբարշտութիւնը.
բայց նրանք, ովքեր սիրում են օրէնքը,
իրենց շրջապատում են պարսպով:
5 Չար մարդիկ չեն հասկանում իրաւունքը,
բայց Տիրոջը փնտռողները խելամուտ են ամէն բանի:
6 Ճշմարտութեան հետ գնացող աղքատն աւելի լաւ է ստի հետ ընթացող հարստից:
7 Իմաստուն որդին պահում է օրէնքը,
բայց որկրամոլներին ընկերացողը անարգում է իր հօրը:
8 Ով իր տունը լցնում է տոկոսներով ու վաշխով,
նա կուտակում է այն մարդու համար, ով ողորմում է աղքատին:
9 Ով իր ականջը շեղում է, որ չլսի օրէնքը,
նա ինքն է պղծում իր ուխտը:
10 Ով ուղիղներին մոլորեցնում է չարի ճանապարհով,
ինքն է ընկնելու ապականութեան մէջ:
Անարատ մարդիկ պիտի բաժանեն բարիքները,
բայց անօրէնները պիտի անցնեն բարիքների մօտով եւ չեն մտնելու դրանց մէջ:
11 Հարուստն իր աչքին իմաստուն է թւում,
բայց խելացի աղքատը դատապարտում է նրան:
12 Արդարներին օգնական դառնալուց մեծ փառք է ձեռք բերւում,
բայց ամբարիշտների շրջանում կոտորւում են մարդիկ:
13 Իր ամբարշտութիւնը ծածկողը յաջողութիւն չի ունենայ,
բայց բացայայտողը եւ իրեն պախարակողը կը դառնայ սիրելի:
14 Երանի այն մարդուն, որ Աստծու հանդէպ երկիւղածութեան պատճառով արհամարհում է ամէն բան,
բայց խստասիրտը չարիքների մէջ կ՚ընկնի:
15 Նա, ով աղքատ է, քաղցած առիւծի եւ ծարաւած գայլի պէս դաժան կը լինի թշուառ ժողովրդի նկատմամբ:
16 Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է,
բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ՚ունենայ:
17 Մահապարտի համար երաշխաւոր եղած մարդը փախստական է դառնում
եւ չի հաստատւում ոչ մի տեղ:
Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կը տայ քեզ,
զարդ կը լինի քո հոգու համար
եւ չի հնազանդուի անօրէն ազգի:
18 Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու,
իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի:
19 Ով մշակում է իր հողը, կը կշտանայ հացով,
իսկ ով հետեւում է դատարկ բաների, տնանկ կը մնայ:
20 Հաւատարիմ մարդը շատ օրհնութիւն պիտի գտնի,
բայց չարագործը չի փրկուելու պատուհասից:
Գովասանքի արժանի չէ այն անձը,
ով չի պատկառում արդարներից:
21 Բարի չէ նա, ով երեսպաշտօրէն խուսափում է անօրէններին յանդիմանելուց.
նա պատրաստ է մարդ վաճառել մի կտոր հացով:
22 Չարաչք մարդը շտապում է հարստանալ,
բայց չգիտի, որ ողորմած մարդը պիտի յաղթի իրեն:
23 Մարդուն՝ նրա ճանապարհի համար յանդիմանողը աւելի շնորհ պիտի գտնի,
քան նրան լեզուով շողոքորթողը:
24 Ով մերժում է իր հօրը կամ մօրը եւ դա մեղք չի համարում,
նա համախոհ է ամբարիշտ մարդկանց:
25 Ագահ մարդը հակառակութիւն է գրգռում,
բայց յոյսը Տիրոջ վրայ դնողը հոգածութիւն կը գտնի:
26 Ով յոյսը դնում է իր սրտի յանդգնութեան վրայ, նա անզգամ է,
բայց իմաստութեամբ վարուողը կը փրկուի:
27 Աղքատներին բաժին տուողը չի աղքատանայ,
բայց ով իր աչքը թեքում է նրանցից,
նա շատ բանի կարօտ կը մնայ:
28 Ամբարիշտների շատանալուց հեծում են արդարները,
բայց նրանց կորստեամբ բազմանում են արդարները:
Astvacashunch girq arakneri