
որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ:
2 Թող քեզ քո ընկե՛րը գովի եւ ոչ թէ քո բերանը,
օտա՛րը եւ ոչ թէ քո շուրթերը:
3 Քարը ծանր է, աւազը դժուար է բարձրացնել,
բայց երկուսից էլ առաւել ծանր է անզգամի բարկութիւնը:
4 Անողորմ է զայրոյթը, բարկութիւնը՝ սաստիկ,
բայց ոչ մէկից էլ պակաս չէ նախանձը:
5 Բացայայտ յանդիմանութիւնը լաւ է սքօղուած բարեկամութիւնից:
6 Լաւ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբոյրը:
7 Կուշտ մարդն արհամարհում է խորիսխն ու մեղրը,
բայց քաղցածի համար դառն բանն էլ քաղցր է թւում:
8 Իր բոյնը լքած թռչունի նման՝ իր տեղից օտար վայր գնացած մարդն իրեն ստրուկ է զգում:
9 Իւղով, խնկով եւ գինով զուարճանում է սիրտը,
եւ հոգին թօթափւում է տրտմութիւնից:
10 Քո բարեկամին, ինչպէս նաեւ հօրդ բարեկամին, մի՛ լքիր,
եւ թշուառացած մի՛ մտնիր եղբօրդ տունը.
մօտիկ բարեկամը լաւ է հեռու տեղ բնակուող եղբօրից:
11 Իմաստո՛ւն եղիր, որդեա՛կ, որ քո սիրտն ուրախ լինի,
քեզնից հեռո՛ւ վանիր նախատինքի խօսքերը:
12 Խորագէտը տեսնում է գալիք չարիքը եւ խոյս է տալիս,
բայց անզգամներն ընդառաջ են գնում եւ տուժում:
13 Հագից հանի՛ր հանդերձանքը նրա,
ով չափից անց է թշնամանք տածում,
որովհետեւ նա ուրիշին էլ է ապականում:
14 Ով առաւօտ կանուխ բարձր ձայնով գովում է բարեկամին,
նա աւելի լաւ չէ, քան նրան անիծողը:
15 Ինչպէս կաթոցը ձմեռային օրը մարդուն հանում է իր տնից,
այնպէս էլ անզգամ կինն է իր տնից դուրս հանում ամուսնուն:
16 Խստաշունչ է հիւսիսային քամին,
բայց յաջողութեան նշան է համարւում:
17 Երկաթը երկաթ է խարտում,
մարդն էլ՝ ընկերոջ երեսը:
18 Թզենի տնկողը պիտի ուտի նրա պտուղը,
իր տիրոջը պահողը պիտի պատիւ գտնի:
19 Ինչպէս մարդկանց դէմքերը նման չեն իրար,
այնպէս էլ նման չեն նրանց սրտերը:
20 Ինչպէս անյագ են դժոխքն ու կորուստը,
այնպէս էլ անյագ են ագահ մարդու աչքերը:
Տիրոջ առջեւ պիղծ են յանդուգն աչքերով, խրատ չլսող եւ ցոփ լեզու ունեցող մարդիկ:
21 Արծաթն ու ոսկին փորձում է հալոցը,
իսկ մարդուն՝ նրան գովաբանողների բերանը:
Անօրէնի սիրտը չարիքներ է որոնում,
ուղիղ սիրտը փնտռում է գիտութիւն:
22 Անզգամին կարող ես ծեծ տալ եւ անարգել ատեանում,
բայց նրա անզգամութիւնը չես հեռացնի նրանից:
23 Խելամտօրէն հոգատա՛ր եղիր քո հօտերի անասունների նկատմամբ,
սրտացա՛ւ եղիր քո երամակների համար,
24 որովհետեւ մարդու ուժը, զօրութիւնն ու իշխանութիւնը յաւիտենական չեն,
եւ դրանք չեն տրւում սերնդից սերունդ:
25 Խնամքո՛վ վարուիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես,
26 դալար խո՛տ հաւաքիր, որ ոչխարներդ գեղմնաբեր լինեն,
եւ դաշտերը լա՛ւ պահիր, որ գառներ ունենաս:
27 Որդեա՛կ, սովորի՛ր ինձնից այս զօրաւոր պատգամները քո տան ապրուստի եւ քո բարեկամների ապրուստի համար:
Astvacashunch girq arakneri